30/09/2016 14:12
Գալուստ Սահակյանը Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-վրացական հարաբերությունները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Վրաստանի միջև կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Գալուստ Սահակյանն իր խոսքում փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերն ու փոխայցերը:
ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը, նշել է, որ դեռեւս կան լայն հնարավորություններ և չօգտագործված մեծ ներուժ` զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը մի շարք ոլորտներում:
Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ փաստել է հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը: Դեսպանը, արժևորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները, նշել է, որ հայկական էթնոսը մեծ դեր է ունեցել Վրաստանի պետականության զարգացման գործում: Նա պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում ունենալ երկու երկրների միջև կապերի առավել խորացման ու ամրապնդման հարցում:
Խոսելով հայ ու վրացի ժողովուրդների պատմական առնչությունների մասին՝ զրուցակիցներն ընդգծել են, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների զարգացման համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: