30/09/2016 16:51
Հայաստանում արտադրվող եռաչափ տպիչները մոդիֆիկացված են և համապատասխանում են բարձր ստանդարտներին
«ԴիջիԹեք էքսպո» 2016 եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանում եռաչափ տպիչների արտադրությամբ զբաղվող «ՕգմենթԱր» ընկերությունը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության տնօրեն Արթուր Խոջաբաղյանը նշեց, որ այս տարի երկրորդ անգամն են մասնակցում էքսպոյին:
«Մեր արտադրությունն իրականացվում է Գորիսում 2015 թվականից: Նախորդ տարի ցուցահանդեսին մեր մասնակցությունը համեմատաբար ավելի համեստ էր: Տպիչները մեծամասամբ իրացվում են արմատ ինժեներական լաբորատորիայում, բայց հիմա նաև դրանք տեղական շուկայում ենք վաճառքի հանում: Տպիչները մոդիֆիկացված են և համապատասխանում են բարձր ստանդարտների: Բացի այդ, ի տարբերություն դրսից բերվածների՝ մենք դրանց տալիս ենք երաշխիք, քանի որ դրանք տեղական և որակյալ արտադրության են», - ասաց նա:
Ցուցահանդեսին հիմնականում ներկայացված էին տպված հենակներ բջջային հեռախոսների և պլանշետների համար, մինչդեռ Ա. Խոջաբաղյանի խոսքով՝ եռաչափ տպիչներով կարելի է տպել ցանկացած դետալ:
«Եթե մարդ ինչ-որ սպեցիֆիկ դետալի կարիք ունի և ուզում է դա տպել, ապա տպիչները տալիս են դրա հնարավորությունը: Այժմ մեծամասամբ տպում ենք գրչամաններ, լոգոներ, բաժակներ ու հենակներ: Իսկ տպագրության համար օգտագործվող նյութերը բազմազան են: Հիմնականում օգտագործվում են պլաստմասի և ռեզինի նյութեր», - ասաց նա: