30/09/2016 20:35
Հայաստանից երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն
Մոտակա օրերին Հայաստանից երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն, այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որտեղ ասված էր, որ խորապես մտահոգված է վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:
«Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ:
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։
Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը»,- ասված էր ԱԳՆ հաղորդագրության մեջ: