01/10/2016 14:03
Վարչապետին առաջարկվել է վերագործարկել «Նաիրիտը». Վազգեն Սաֆարյան
Հայաստանը արդյունաբերությունը զարգացնելու մեծ պոտեցիալ ունի, մինչդեռ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք հիմա չի տարվում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա տեղեկացրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է հանրապետությունում արդյունաբերության վերականգնման անհրաժեշտությունը:
«Քիմիական արտադրության մեծ գործարան ունենք՝ «Նաիրիտը», որը մոնոպոլ արտադրանք է տալիս, բայց տարիներ շարունակ այն չի աշխատում, ոչ էլ ինչ-որ քայլեր են արվում այն աշխատացնելու ուղղությամբ: Մենք խնդիր ենք դնում այն վերագործարկելու, ընդ որում ոչ դրսի, այլ մեր ուժերի միջոցով, պիտի փորձենք վերակառուցել գործարանը: Մեր մասնագետների հաշվարկներով՝ գործարանը վերագործարկելու համար պահանջվում է 70 մլն դոլար», - ասաց Վ.Սաֆարյանը:
Բանախոսն ընդգծեց, որ «Նաիրիտը» կարող է 100-120 մլն ՀՆԱ ապահովել, որը կկազմի ՀՀ բյուջեի 1,2-1,5 տոկոսը:
«Մենք նաև կարևորում ենք նանոտեխնոլոգիաների զարգացումը: Մենք ունենք գիտական կենտրոն «Նանոամորֆը», որը կարող է չիպերի արտադրություն կազմակերպել, բայց գումարների սղության պատճառով այդ արտադրությունը չի զարգանում», - ասաց նա:
Վ.Սաֆարյանի խոսքով, այդ բոլոր ծրագրերի մասին ինքն անձամբ խոսել է վարչապետի հետ հանդիպման ժամանակ, վարչապետն էլ առաջարկել է ամեն մի ուղղության վերաբերյալ ներկայացնել հստակ բիզնես ծրագրեր:
Նա նշեց, որ նշված ուղղությունների զարգացման համար անհրաժեշտ ներդրումները պետք է փնտրել ներսում, քանի որ ապրիլյան պատերազմից հետո հատկապես Հայաստանը ռիսկային գոտի է դարձել:
«Պետք է ներքին ռեսուրսները մոբիլիզացնել: Օրինակ, ավանդները 1,2 տրիլիոն դրամից ավելի են: Կառավարությունը կարող է դրանք ավելի բարձր տոկոսով գնել բաժնետոմսերի ձևով և դնել տնտեսության այն ուղղություններում, որոնք շատ արագ կարող են վերադարձելիություն ապահովել», - ասաց բանախոսը:
Վերջինս նաև նշեց, որ բոլոր ծրագրերը կհաջողվի կյանքի կոչել միայն համապատասխան ենթակառուցվածքներ ունենալու դեպքում: Մասնավորապես, Վ.Սաֆարյանը կարևորեց Իրան-Հայաստան երկաթգիծը:
«Դեռևս 2008-ից երկաթգիծը պետք է կառուցվեր, բայց այն դեռ չկա: Պակաս կարևոր չէ նաև Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգիծը, որի առկայության դեպքում մենք Վրաստանից Հայաստան եկող բեռների ճանապարհը կկրճատենք մոտ 70-100 կմ-ով, իսկ բեռների ինքնարժեքը՝ 25-27 տոկոսով», - ասաց նա: