20/10/2016 11:24
Ընտրակեղծիքի մասին ակնհայտ սուտ մատնության համար սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում. Փոփոխություններ ԸՕ-ում
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։
Օրենքով վերականգնվում է ընտրական ցուցակներում ընտրողների կողմից ստորագրելու պարտականությունը։
Ցուցակները սկանավորված հրապարակվելու են ԿԸՀ կայքի առանձին բաժնում՝ պարունակելով ընտրական տարածքի և ընտրական հանձնաժողովի համարը: Այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումները կստուգվեն սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Բոլոր նմանատիպ դիմումներն ուղարկվելու են իրավապահ մարմիններին:
Դիմումները ներկայացնելու իրավունքի չարաշահումները նվազեցնելու համար նախատեսվել են նաև հակակշռող մեխանիզմներ, մասնավորապես քրեական պատասխանատվություն կեղծ և սուտ հայտարարություն տալու համար:
Այս մասով երեկ խմբակցություններում կայացած քննարկումների արդյունքում քաղաքական ուժերը ձեռք բերեցին համաձայնություն՝ ընտրակեղծիքի մասին ակնհայտ սուտ մատնության՝ դիսպոզիցիայի ձևակերպման շուրջ: Ըստ այդմ՝ դիտավորությամբ սուտ մատնության դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսվում 2-5 տարի, իսկ անփութությամբ դրա տարածման դեպքում պատիժն ավելի մեղմ է: Այս դեպքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 200-800-ապատիկի չափով տուգանք կամ մինչև 2 տարի ազատազրկում:
Համաձայն օրենքի՝ ընտրությունների ժամանակ տեսանկարահանումը իրականացվելու է մասնագիտացված կազմակերպության կողմից ՀՀ տարածքում՝ ապահովելով ուղիղ հեռարձակում, ինչպես նաև տեսանկարահանման արդյունքների արխիվացում:
Օրենքն առաջարկում է նաև ժամանակակից հեռախոսների համար ծրագրային հավելված, որը ամփոփման նիստի մասնակիցներին հնարավորություն կտա հեշտությամբ ստանալ և արձանագրել արդյունքները:
Երեկ օրինագծին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց 104, դեմ 4 և ձեռնպահ 1 պատգամավոր: