20/10/2016 13:07
Հնարավո՞ր է, որ Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը դադարեցվի. Նախարարը պատրաստ չէ պատասխանել
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն, այսօր՝ գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարական աշխատանքներին, ասաց. «Շինարարությունը շարունակվում է: Հիմա գնահատվում է արդյունավետությունը, ստուգում ենք, ցանկացած նոր զարգացումներին ձեզ տեղյակ կպահենք»:
Դիտարկմանը, թե շինարարության ընթացքում «ատկատներ» և չարաշահումներ են եղել, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Իմ կառավարման ընթացքում անելու ենք ամեն ինչ, որ ոչ մի չարաշահում չլինի»:
Նախարարը նշեց, որ չի կարող ասել, թե շինարարությունը երբ կավարտվի. «Պետք է գնահատվի արդյունավետությունը, դրանից հետո կհասկանանք, թե ինչն ենք շարունակելու, շարունակելո՞ւ ենք արդյոք, թե՞ ոչ»:
Վահան Մարտիրոսյանը պատրաստ չէ պատասխանել հարցին, թե հնարավո՞ր է արդյոք շինարարությունը դադարեցի. «Դեռ վերջնական չէ»: