24/10/2016 16:57
Ծառուկյանի խոսնակը նրա վերադարձը պահանջողներին հորդորում է զուր չվատնել ժամանակն ու ջանքերը
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու թեմային՝ խորհուրդ տալով արհեստական սոցիոլոգիական հարցումների կազմակերպման, փողոցներում մարդկանց հարցուփորձ անելու գործելաոճը դադարեցնել:
«Տևական ժամանակահատված է, ինչ տարբեր շրջանակների կողմից հետևողականորեն ու շարունակաբար շրջանառության մեջ է դրվում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին թեման: Ես իհարկե հասկանում եմ, որոշ շրջանակների «Հռոմի պապից առավել կաթոլիկ ձևանալու» նմանօրինակ բոլոր դրսևորումները, սակայն խորհուրդ եմ տալիս արհեստական սոցիոլոգիական հարցումների կազմակերպման, փողոցներում մարդկանց հարցուփորձ անելու գործելաոճը դադարեցնել: Առանց այդ ամենի էլ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է և իր դիրքի, և մարդկանց շրջանում վայելած հեղինակության մասին:
Եվ եթե մենք չենք բարձրաձայնում, թե նմանատիպ բովանդակությամբ քանի հազար նամակ, հեռախոսազանգ կամ հանդիպման խնդրանք է ստանում պարոն Ծառուկյանը, ապա դա նշանակում է, որ այս պահին բացարձակապես չկա դրա անհրաժեշտությունը:
Բազմիցս նշել եմ, սակայն ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել. Գագիկ Ծառուկյանը այս թեմային կանդրադառնա միմիայն այն ժամանակ, երբ ինքը անհրաժեշտ և նպատակահարմար կգտնի: Իսկ մինչև այդ արհեստականորեն ուղղորդվող նմանատիպ բոլոր նախաձեռնությունների հեղինակներին հորդորում եմ զուր չվատնել իրենց ժամանակն ու ջանքերը, քանզի անկախ ձեր ցանկացած տեսակի շահագրգռվածությունից, սա ձեր որոշելիքը չէ»,- Facebook-յան իր էջում գրել է Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի տան հարակից տարածքում այսօր քաղաքացիների հոծ բազմություն էր հավաքվել, ովքեր ցուցանակներով, վանկարկումներով պահանջում էի Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ: