25/10/2016 10:41
Նախատեսվում են բազմաթիվ փոփոխություններ կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու համար
Կառավարությունն առաջարկված գործունեության ծրագրով պատրաստվում է ստեղծել հիմքեր տնտեսության երկարատև, կայուն և բարձր աճի ապահովման համար։ Մի բան, ինչը Հայաստանում լուրջ անհրաժեշտություն է դարձել։
Չնայած վերջին տարիներին մշտապես տնտեսական աճ է արձանագրվել, այնուհանդերձ աճի տեմպը բարձր չէ։ Այն տատանվել է հիմնականում 3-4 տոկոսի սահմաններում։ Ավելին, կանխատեսվում է, որ այս տարի այն նույնիսկ ավելի ցածր կլինի՝ 2,4 տոկոս։
Տնտեսական աճի նման տեմպը, որը թելադրված է արտաքին և ներքին տարբեր գործոններով, առաջ է բերել որոշակի դժվարություններ։ Այն բավարար չէ երկրում առկա սոցիալական իրավիճակը փոխելու համար։ Այս ոլորտում տնտեսական աճի արդյունքները գրեթե չեն արտահայտվում։ Թերևս պատահական չէ, որ վերջին երկու տարիներին կառավարությունը հիմնականում հրաժարվել է կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացումից։
Մյուս կողմից տնտեսական ցածր աճը խնդիրներ է ստեղծել հատկապես պարտքի հետ կապված։ Վատացել են պարտքը բնութագրող ցուցանիշները։ Տնտեսության դանդաղ աճի և բյուջեի ցածր եկամուտների հետևանքով Հայաստանը կանգնած է արտաքին ֆինանսական նոր միջոցներ ներգրավելու սահմանափակումների առջև։ Համախառն ներքին արդյունքի դանդաղ ավելացումը պարտքի ծանրաբեռնավածությունն ընդհուպ մոտեցրել է այն սամանագծին, որից հետո դա անթույլատրելի է։
Այս իրավիճակից դուրս գալու հիմնական միջոցը անշուշտ տնտեսական շատ ավելի բարձր աճի ապահովումն է։ Սակայն կառավարության կարծիքով, ստանդարտ գործիքակազմով և մեթոդներով բարձր զարգացում ապահովելու հնարավորությունը չափազանց փոքր է։ Ուստի նախատեսվում են տնտեսական քաղաքականության բազմաթիվ փոփոխություններ, որոնք պետք է նպաստավոր միջավայր ձևավորեն բիզնեսի գործունեության, ներդրումների ներգրավման, տնտեսական տարբեր ծրագրերի իրականացման համար։
Ներդումային ծրագրերը խթանումը կառավարությունը պատրաստվում է սկսել այդ ոլորտում գործունեություն իրականացնող պետական կամ պետության մասնակցությամբ կառույցների օպտիմալացումից։ Արդեն հաջորդ տարվանից նախատեսվում է ձևավորել պետական ներդրումային հիմնադրամ՝ ներդրումային ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։
Ներքին տնտեսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով ակնկալվում է ստեղծել խթանող միջոցներ՝ չաշխատող ակտիվների գործարկման համար։ Նման միջոցառումների շրջանակներում դիտարկվում է նաև գույքահարկով հարկման մեխանիզմների վերանայումը։
Տնտեսական դաշտի ակտիվացման համար նախատեսվում են աջակցության նաև այլ միջոցառումներ՝ սկսած արտոնյալ պայմանների տրամադրումից մինչև ավելի մատչելի էներգակիրների առաջարկումը։