27/10/2016 16:36
«Սասնա ծռերից» Թաթուլ Թամրազյանը միայն հենակներով է կարողանում շարժվել. Մի քանի ամսից կվիրահատվի
«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակում էական փոփոխություն չկա:
«Բժիշկներն ասել են, որ մի քանի ամսից հետո միայն վիրահատություն կանեն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը:
«Շարժումները դեռ սահմանափակ են, միայն հենակների օգնությամբ է կարողանում քայլել», - նշեց փաստաբանը:
Մոնիկա Մարգարյանը փոխանցեց, որ իր պաշտպանյալին բուժօգնություն տրամադրվում է. «Որևէ դժգոհություն չի ներկայացրել»:
Թաթուլ Թամրազյանը որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորում էր ստացել հուլիսի 18-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: