28/10/2016 11:49
ՀՅԴ-ն պատրաստ է վերսկսել աշխատանքները Գագիկ Ծառուկյանի հետ․Արմեն Ռուստամյան
Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը մեծ է, այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, ընդհակառակը շատ հավանական եմ համարում սա։ Հարվարդ պետք չէ ավարտել, որ հասկանաս, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվելու քեզնով։ Մենք գնում ենք փոփոխությունների և արդյունքում քաղաքական դաշտը ակտիվանալու է և չես կարող դուրս մնալ այդ պրոցեսներից», - ասաց նա։
Նա դրական գնահատեց Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ արյունահեղությունը կանխելու համար դուրս գալ քաղաքականությունից։
Ա.Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն Ծառուկյանի հետ աշխատելու փորձ ունի և այդ աշխատանքները վերսկսելու խնդիր չի տեսնում։
«Նրա մոտեցումը, որ պետք է փոփոխությունների գնալ՝ առանց արյան, լավագույն երաշխիքն է նրա հետ համագործակցելու համար», - ընդգծեց նա։
Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանն իր վերադարձը համաձայնեցնելու է իշխանության հետ՝ ԱՌուստամյանը նշեց․«Մեզ հետ, որ հաստատ համաձայնեցված չէ։ Մարդն ազատ մարդ է և կարող է տնօրինել իր կյանքը»։