28/10/2016 11:38
Պավել և Արամ Մանուկյաններն ինչպես մարտական եղել են, այդպես էլ շարունակում են մնալ. փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն առողջանում է:
«Մի փոքր վերքերն են ցավում, բայց, ընդհանուր առմամբ, առողջանում է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պավել Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Փաստաբանը փոխանցեց, որ իր պաշտպանյալը դեռ չի կարողանում առանց հենակների տեղաշարժվել:
«Դեռ հնարավոր չէ առանց հենակների քայլել, բայց հենակների օգնությամբ նորմալ կարողանում է տեղաշարժվել», - նշեց նա:
Հարություն Բաղդասարյանը նշեց, որ առողջացման փուլում է նաև Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը:
«Արամն էլ է առողջանում, բայց նա էլ առանց հենակների չի կարողանում տեղաշարժվել», - ասաց Հ. Բաղդասարյանը:
Նա նշեց, որ իր երկու պաշտպանյալներն էլ որևէ բողոք չունեն:
«Քրեակատարողական հիմնարկի հետ կապված որևէ բողոք չկա, պարզապես այնտեղ բուժում ստանալու համար պայմանները նորմալ չեն, երկուսն էլ վիրավոր են ու նրանց նորմալ բուժում ստանալ է անհրաժեշտ՝ ամենօրյա օգնություն, հոգածություն», - ասաց փաստաբանը:
Հարություն Բաղդասարյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելել են ՔԿՀ, հետաքրքրվել Մանուկյանների առողջական վիճակով, ծանոթացել պայմաններին:
Նրա խոսքով՝ թե Պավլիկ Մանուկյանի, թե Արամ Մանուկյանի տրամադրությունում փոփոխություն չկա:
«Բացարձակապես տրամադրության ընկճվածություն նրանց մոտ չես նկատի: Ինչպես մարտական եղել են, այդպես էլ շարունակում են մնալ», - հավելեց Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբանը:
Նշենք, որ Արամ և Պավլիկ Մանուկյանները «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Պավլիկ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է. առաջադրված մեղադրանքին ավելացել է զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածը: