06/12/2016 15:03
Տեխասից Հանրապետական ընտրիչը չի քվեարկի Թրամփի օգտին
ԱՄՆ Տեխաս նահանգի ընտրիչների կոլեգիայի անդամ Քրիս Սուպրունը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, հայտարարել է, որ չի քվեարկի Դոնալդ Թրամփի օգտին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ ընտրական կոլեգիայի ժողովին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ես այստեղ եմ նախագահ, այլ ոչ թագավոր ընտրելու համար»,- իր որոշումն այդպես է մեկնաբանել նա:
The New York Times թերթի համար գրած սյունակում Դալասից բժիշկ Սուպրունը հայտարարել է, որ չի կարողանա կատարել իր վրա ամերիկացի ընտրողների կողմից դրված գործառույթը և քվեարկել Թրամփի օգտին, որովհետև «օր օրի» համոզվում է, որ նախկին մագնատը պիտանի չէ նախագահական պաշտոնը զբաղեցնելու համար:
«Ինձ ասում էին, որ եթե մենք ընտրենք Դոնալդ Թրամփին, նա կփոխվի, ավելի նման կդառնա նախագահի: Նա դա չարեց»,- գրել է ընտրիչը:
Ամերիկյան սահմանադրության համաձայն՝ ընտրողներն ուղղակիորեն չեն քվեարկում նախագահի օգտին: Նրանք քվեարկում են ընտրական կոլեգիայի կամ ընտրիչների օգտին, որոնք այնուհետև քվեարկում են այս կամ այն թեկնածուի օգտին:
Չնայած դաշնային օրենքը չի պարտադրում ընտրիչներին քվեարկել այնպես, ինչպես քվեարկել է նահանգի ընտրողների մեծամասնությունը, որոշ դեպքերում նրանց դա պարտավորում է անել տեղի օրենսդրությունը:
Բացի այդ, անգամ այն նահանգներում, որտեղ նման օրենքներ չկան, դեպքերը, երբ ընտրիչներն ի վերջո պաշտպանում են ոչ այն թեկնածուին, որի օգտին քվեարկել է ժողովուրդը, չափազանց հազվադեպ են:
Սուպրունի խոսքով՝ նա չի քվեարկի նաև Հիլարի Քլինթոնի օգտին, ինչպես և դուրս չի գա կոլեգիայի կազմից: