06/12/2016 16:07
Հերիք է հանրապետականներով մտածեք, որ կարող եք երկիրն արդյունավետ կառավարել. Հրանտ Բագրատյան
Այսօր Ազգային ժողովում 2017-ի պետբյուջեի քննարկման ընթացքում պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատողություն արեց խորհրդարանի նախագահությանը` նշելով, որ պատգամավորներին պետք է արձագանքի համար բավարար ժամանակ տրամադրել: Դիտարկմանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` նշելով, որ այդքան ժամանակ է սահմանում կանոնակարգ օրենքը:
«Ես այդ կանոնակարգը գիտեմ: Մենք դիմել էինք այդ հարցով, ինչը մերժվեց: Ես ուշադրություն եմ հրավիրում, որ դա աբսուրդ է: Երկրորդը` լավ եք անում, որ մեզ դաս եք տալիս, բայց 55 առաջարկած մարդուն կարելի էր հրավիրել խոսել, մինչև էստեղ ելույթ ունենալը: Երբ որ այդ հանդիպումը կայանար, ես պարոն Արամյանին կփորձեի բացատրել, որ գոյություն ունի նոր իրողություն, պարտքի նոր քաղաքականություն: Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունի Նոբելյան մրցանակի դափնեկիր, որ այս ճկույթի չափ կարողանա առաջարկ անել Հայաստանի տնտեսության մասով», - ասաց Հրանտ Բագրատյանը:
«Հերիք է դուք հանրապետականներով մտածեք, որ ամեն ինչ գիտեք ու առանց խորհրդակցելու կարող եք երկիրն արդյունավետ կառավարել: Էդպես չի», - ընդգծեց նա:
Արձագանքելով` Հերմինե Նաղդալյանը նշեց, որ որևէ մեկին երբևէ դաս չի տալիս` նույնիսկ, երբ կարիքը կա: «Պարզապես կարող եմ խորհուրդ տալ կամ հորդորել», - ասաց ԱԺ փոխնախագահը: