09/12/2016 12:22
Սումատրայում գրեթե 12 հազար շենք է ավերվել ու վնասվել երկրաշարժի հետևանքով
Ինդոնեզիայի Աչեխ ամենաարևմտյան նահանգում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած 6,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերված կամ վնասված շինությունների ընդհանուր թիվը մոտեցել է 12 հազարի: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության օպերատիվ կենտրոնի աշխատակից Յույոն Յուհանան:
«Ստացված զեկույցների համաձայն, դեկտեմբերի 9-ի առավոտվա դրությամբ վնասված շինությունների ընդհանուր թիվը կազմում Է 11 հազար 730: Դրանցից 2 հազար 929-ը լուրջ վնասվածքներ են ստացել», - փրկարարի խոսքը մեջբերել է Detik.com լրատվական պորտալը:
Յուհանայի խոսքով՝ տարերքի հարվածից զոհվածների թիվը մնում է 102: Ծանր վերքեր են ստացել 136 աչեխցիներ, թեթև վիրավորվել է 616 բնակիչ:
Ըստ BNPB-ի վերջին տվյալի՝ ներկայում տարահանվածների ընդհանուր թիվը 11 հազար 142 է: Սակայն նրանցից ոչ բոլորն են զրկվել օթևանից. շատերը երկյուղում են տուն վերադառնալ շարունակվող հետցնցումների պատճառով: