14/01/2017 12:53
Ինչպե՞ս փոխել արտահանում-ներմուծում թնջուկը
Կառավարության վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և 20 օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:
Հանձնարարություն ստացած նախարարությունների ցանկին նայելով, պարզ է դառնում, թե ինչպիսի ոլորտների և ճյուղերի ապրանքների արտադրության մասին է խոսքը, որը վարչապետը կցանկանար իրագործվեր մեր երկրում: Եթե ֆինանսների նախարարության խնդիրը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ ավելի շուտ արտադրության կազմակերպման գործընթացների ապահովումն է լինելու, ապա այստեղ առավել հետաքրքական է պաշտպանության, գյուղատնտեսության և առողջապահության նախարարություններին հասցեագրված հանձնարարականները:
Ըստ էության, բացի կազմակերպչական և խորհրդատվական բնույթի առաջարկներից, պետք է ներկայացվեն նաև այն ապրանքների ցանկը, որոնք կարող են արտադրվել Հայաստանում, հաշվի առնելով մեր առկա ռեսուրսները, որոնք կբավարարեն ներմուծվող համարժեք ապրանքների հետ դրանց շահավետ և մրցունակ լինելու պայմանները:
Կառավարությունը ենթադրում է, որ Հայաստանում կարող ենք իրականացնել ռազմական նշանակության որոշ ապրանքների արտադրություն, որոնք կբավարարեն, ոչ միայն մեր զինված ուժերի պահանջարկը, այլ նույնիսկ արտահանման տեսակետից մրցունակ կլինեն:
Գյուղատնտեսական նշանակության ապրանքների արտադրության տեսակետից, այստեղ ի սկզբանե պարզ է, որ մեր ռեսուրսները իսկապես ամբողջովին չեն օգտագործվում տասնյակ, նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարի գյուղատնտեսական ապրանքներ և սննդամթերքներ ենք ներմուծում, հաճախ նաև կասկածելի ծագումով, որոնց փոխարեն կարող ենք նաև մենք արտադրել: Ընդլայնվելու է նաև տեղական արտադրության դեղագործական և բժշկական արտադրության սարքավորումների տեսականին:
Սա նույնպես, մեր ներմուծման փոխարինման և արտահանման տեսակետից բավականին հեռանկարային ուղղություն է: Եթե ավելացնենք, նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից առաջարկվող ապրանքների ցանկը, կստանանք պատկառելի ցուցակ, որոնց արտադրության կազմակերպման մասին մեր գործարարները կարող են մտորել:
Համոզված եմ, եթե այս գերատեսչությունների կողմից մշակած առաջարկությունները իրատեսական լինեն և իսկապես հնարավոր լինի իրագործել ներմուծման ապրանքների փոխարեն այդ ապրանքների արտադրությունը, ապա կարելի է նաև ավելի բարձր ավելացված արժեք ունեցող, ինչու չէ նաև բարձր տեխնոլոգիական նշանակության ապրանքների արտադրությունների կազմակերպումը, հատկապես, որ ՏՏ ոլորտից որոշ ապրանքների արտադրության փորձը արդեն ունենք:
Կարևորը այստեղ այն է, որ այս առաջարկությունները կառավարության կողմից հավանություն արժանանալուց հետո նաև հանրությանը ըստ պատշաճի ներկայացվեն: