17/01/2017 16:44
ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմենք միայն այն դեպքում, երբ որոշումների վրա ունենանք առանցքային դերակատարում. Հովհաննես Մարգարյան
ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը չի բացառում, որ «Հայկական վերածնունդը» կարող է դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ: Այս մասին պատգամավորը նշեց Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Մենք ցանկացած քաղաքական ուժի հետ, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ, կոալիցիա կկազմենք միայն այն դեպքում, երբ որոշումների վրա ունենանք առանցքային դերակատարում: Կոալիցիայի իմիտացիա չպետք է լինի, իսկ այն ուժերը, ովքեր կոալիցիայի կազմում են, պետք է ունենան առանցքային ազդեցություն որոշումների վրա: Ցանկացած կոալիցիա, ցանկացած քաղաքական ուժի հետ կենսունակ կլինի, եթե քաղաքական ուժերից որևէ մեկը չունենա մեծամասնություն կոալիցիայիում: Մենք սա ենք նկատի ունեցել, երբ ասել ենք, որ դեմ չենք կոալիցիայի: Ցանկացած կոալիցիա կենսունակ է, եթե որևէ քաղաքական ուժ այդ դաշինքի ներսում չունի մեծամասնություն», - ընդգծեց նա:
Վերջինիս խոսքով՝ այս պահին ՀՎԿ-ն քաղաքական տարբեր ուժերի հետ քննարկումներ է ունենում և քննարկում խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը:
«Մենք մշտապես ողջունել ենք քաղաքական ուժերի կոնսոլիդացիան և այն գաղափարը, որ արդյունքներ ունենալու համար պետք է գործել միասնական», - ընդգծեց Հովհաննես Մարգարյանը՝ հրաժարվելով նշել, թե կոնկրետ քաղաքական որ ուժերի հետ է այս պահին քննարկումներ կազմակերպում «Հայկական վերածնունդը» և հավելեց, որ շուտով քննարկումների փուլը կվերջանա և ՀՎԿ-ի որոշման մասին կտեղեկացվի հանրությանը:
Ավելի վաղ, ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը խորհրդարանում բրիֆինգների ժամանակ հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններին «Հայկական վերածնունդը» մասնակցելու է առանց դաշինքի։