21/01/2017 12:57
Որոշ մարդիկ վախենում են Շիրխանյանի հայտարարությունից, դրա համար էլ լրագրողների հետ հանդիպման ելքեր չեն թողնում. Հայկ Ալումյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վանահ Շիրխանյանի իրավապաշտպան Հայկ Ալումյանն այսօր լագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու Շիրխանյանին թույլ չտվեցին հանդիպել լրագրողների հետ:
«Վահան Շիրխանյանը ցանկություն էր հայտնել հանդիպել լրագրողների հետ և հանրությանն իր տեսակետները ներկայացնել, թե ում է ձեռնտու իրեն այդ վիճակում պահելը» , - ասաց փաստաբանն ու ընդգծեց, որ սկզբում լրագրողներին մի քանի անգամ իրենց գրած դիմումը փոխել տվեցին, որից հետո հայտարարեցին, որ այդ ամիս Շիրխանյանն արդեն երկու տեսակցություն է ունեցել, ուստի այլևս չեն կարող տեսակցություն թույլ տալ:
«Սպասեցինք մյուս ամսվան, բայց դատարանն առհասարակ արգելեց Շիրխանյանին տեսակցությունները և որպեսզի ոչ ոք չհասկանա, որ այդ ամենն արվում է լրագրողների հետ Շիրխանանի հանդիպումը խոչընդոտելու համար, դատարանն արգելեց գործով բոլոր 20 ամբաստանյաների տեսակցությունները» , - նշեց Հայկ Ալումյանը:
Վերջինս ասաց, որ թեև Վահան Շիրխանյանն իր միջոցով կարող է որոշակի գրություններ փոխացնել, բայց դրանք ենթարկվում են գրաքննության, հետևաբար Շիրխանյանն ինքը պետք է հանդիպի լրագրողների հետ իր ասելքը հանրությանը տեղ հասցնելու համար:
«Որոշ մարդիկ վախենում են Շիրխանյանի հայտարարությունից, դրա համար էլ լրագրողների հետ հանդիպման ելքեր չեն թողնում, բայց վստահ եմ ի վերջո մենք ելք կգտնենք: Հիմա միակ խնդիրն այն է, որ Վ. Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատանում է»,- եզրափակեց նա: