24/01/2017 14:11
ԵՄ-ն մեծ ներդրումներ է արել Հայաստանի ընտրությունների հաջողության համար ու հետաքրքրված է այս «պրոյեկտով». Սվիտալսկի
Գալիք ընտրությունները կարևոր են լինելու ինչպես Հայաստանի ապագայի, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների տեսանկյունից, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական վերնախավի բոլոր կողմերում ու հասարակությունում գիտակցում են ՀՀ ապագայի համար գալիք ընտրությունների կարևորությունը: Նույնը մեր տեսակետն է: Լավ, արդար, թափանցիկ ընտրությունները կօգնեն, որպեսզի Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությւոնների զարգացմանն ավելի բարձր տեմպ տրվի ու ստեղծվի լավ մթնոլորտ», - ասաց Պյոտր Սվիտալսկին` կարևորելով նաև այս ընտրությունների հաջողության համար ԵՄ ներդրումները:
«Եվրամիությունն արդեն մեծ ներդրում է արել այս ընտրությունների հաջողության համար: Ես կարող եմ ասել` այո, լավատես եմ: ԵՄ-ն ներդրում է արել ոչ միայն գումարի, այլև՝ քաղաքական օժանդակության առումով, այնպես որ մենք ևս այս պահին շատ խորը և հստակ հետաքրքրություն, շահ ունենք այս «պրոյեկտի» հաջողությամբ», - ամփոփեց ԵՄ պատվիրակության ղեկավարը: