21/02/2017 12:51
Կյանքը փոփոխական է. Շարմազանովը, Աշոտյանն ու Սահակյանը կլինեն ընդդիմություն, ես էլ՝ իշխանություն. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, այժմ արդեն ՕՐՕ դաշինքի մաս կազմող Արմեն Մարտիրոսյանը հույս ունի, որ կարճ ժամանակ հետո ինքը կլինի իշխանություն, իսկ ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը և Հովհաննես Սահակյանը՝ ընդդիմություն։
«Կյանքը փոփոխական է», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, թե սրանից մի քանի տարի առաջ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը կարող են մեկ դաշինքում լինել, բայց քաղաքական պայքարը բերում է նրան, որ նույնիսկ երբեմն ինչ-որ ժամանակ անհավանական դաշինքներ են լինում։
Արմեն Մարտիրոսյանը հույս ունի, թե իրեն բախտ չի վիճակվի, որ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի և Հովհաննես Սահակյանի հետ բարիկադի մի կողմում լինի ինչ-որ ժամանակ հետո։
«Հույս ունեմ, որ իրենք կլինեն ընդդիմություն, գոնե այն գաղափարական հատվածով, որը կա «Հանրապետական» կուսակցությունում։ Կարծում եմ, որ հետագայում շատ լավ ընդդիմություն կարող են լինել։ Ես էլ կլինեմ իշխանությունում, որն արմատական բարեփոխումներ կիրականացնի երկրում», - ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի՝ «Ժառանգությունից» հեռանալուն՝ Մարտիրոսյանն ասաց, թե ծափողջյուններով չի, որ կարելի է նրա դուրս գալը դիմավորել, բայց ավելացրեց, թե խորին հարգանքով են վերաբերվում դրան։
Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե համամիտ չէ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, թե իրենք իրենց սկզբունքներից, ծրագրերից, գաղափարախոսությունից հեռացել են։
«Դա ուղղակի հնարավոր չէ նույնիսկ տեխնիկապես, որովհետև այն անձինք, ովքեր հիմնադրել են «Ժառանգությունը», կայացրել են որպես կուսակցություն հատկապես սկզբնական շրջանում, իրենք մնում են կուսակցությունում։ Մենք միայն բարին կարող ենք մաղթել Զարուհի Փոստանջյանին», - նշեց Արմեն Մարտիրոսյանը։