23/02/2017 15:53
Եթե քեզ մեղադրում են, որ դու կոկորդիլոս ես, պե՞տք է արդարանաս. Արայիկ Հարությունյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին
Ամենաանշնորհակալ գործն անհեթեթ հայտարարություններին պատասխանելն է, այս մասին Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասաց «Ելք» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Սեյրան Օհանյանի հայտարարությանն այն մասին, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը միակն է, որի վրա իշխանությունը վերահսկողություն չունի:
«Եթե քեզ մեղադրում են, որ դու կոկորդիլոս ես, պե՞տք է արդարանաս, ասե՞ս, որ կոկորդիլոս չես: Մանավանդ Սամվել Բաբայանին, ով սիրում է ստվերային գործունեություն ծավալել, ու լավ կիմանա, թե ստվերում, ով ինչ է պայմանավորվել», - ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ իշխանությունն ամեն ինչ անում է ընտրությունները համամասնականից մեծամասնական դարձնելու համար ու փորձում քարոզարշավը անձերի միջև պայքարի վերածել:
«Պիտի այդ ծուղակի մեջ չընկենք: Եթե ընկնենք, մենք պարտված ենք, որովհետև իշխանությունը շատ գործիքներ ունի, իսկ ընդդիմությունը՝ քիչ», - եզրափակեց նա: