23/02/2017 16:54
Եթե զինվորները որոշեն, որ լավ եմ կատարում իմ աշխատանքն ու ընտրեն ՀՀԿ-ն` դա իրենց քաղաքացիական իրավունքն է. Վիգեն Սարգսյան
Բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների զարգացում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով հարցին, արդյոք մտավախություն չկա՞ որ զինծառայողները ստիպված կլինեն ընտրել այն քաղաքական ուժին, որի ցուցակը գլխավորում է ինքը:
«Երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Իհարկե, պաշտպանության նախարարի քաղաքական ռեսուրսի շահարկումը, նախարարի կուսակցական լինելը մի կողմից թվում է, թե առավելություն է` մյուս կողմից պետք է հասկանանք, որ այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, ու չլուծված հարցերը, դրանք ևս կապում են քաղաքական այն կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ: Ես կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ հասկանալ` բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների զարգացում, ինչպես և եղել է նախորդ ընտրությունների ընթացքում», - ասաց Վիգեն Սարգսյանը:
«Իսկ եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը և որոշեն քվեարկել այն կուսակցությանը, որի նախընտրական ցուցակն եմ ես ղեկավարում, դա իրենց քաղաքացիական իրավունքն է», - ընդգծեց նա:
Նախարարի խոսքով, բանակը չի ուղորդվել ու չի ուղորդվի քվեարկության ժամանակ: