24/02/2017 20:24
Նիկոլ Փաշինյանը Սեյրան Օհանյանից ու Սամվել Բաբայանից ներողություն է ակնկալում
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակի 3-րդ համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դեմ առ դեմ նստել ու խոսել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։
«Ես կարող եմ ուղիղ առաջարկ անել, ուղիղ եթերում կարող ենք նստել դեմ-դիմաց, և պարոնայք Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանն ասեն՝ ինչ նկատի ունեն ու հիմնավորեն, իսկ դա բացառվում է, որ կհիմնավորեն», - Facebook-ի ուղիղ եթերում, պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտեց՝ պետք է հիմնավորեն, իսկ եթե ոչ, պետք է ուղղակի ներողություն խնդրեն։
«Հակառակ դեպքում, նման հայտարարություններին մեր վերաբերմունքը կլինի համարժեք և համապատասխան», - նշեց նա։
«Ես ուղղակի չեմ ուզում ավելի կոշտ ձևակերպումներ անել, եթե նրանք ցանկանան, ես ինքս պատրաստ եմ դեմ-դիմաց նստել, ուղիղ եթերում այս թեմայով խոսել, բայց այս պահին ասում եմ՝ միակ բանը, որ ակնկալում եմ, նրանք պետք է ներողություն խնդրեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Aysor.am-ի թղթակիցը, նշենք, Ն. Փաշինյանին ուղղել էր հետևալ հարցերը՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ ընդդիմադիր դաշտում միակ չկառավարվող ուժը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է, որը իշխանության հսկողության տակ չէ, նաև՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ բոլոր քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել: Ո՞րն է ԱԺ պատգամավորի արձագանքը։