28/02/2017 13:11
Պենտագոնը Թրամփին ներկայացրել է «ԻՊ-ին արագորեն պարտության մատնելու» պլան
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականին համապատասխան, Սպիտակ տուն է ներկայացրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) դեմ պայքարի նոր պլանի նախագիծը, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նա իրազեկել է, որ նոր պլանի նախագիծն Սպիտակ տուն է ներկայացրել պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը: Այն նախատեսում է «արագորեն պարտության մատնել ԻՊ-ին»: Դիտորդները կարծում են, որ պլանի նախագիծը կարող է ներառել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զորակազմի ավելացման առաջարկություններ:
Ավելի վաղ, բնութագրելով ահաբեկչական կազմակերպություններից բխող սպառնալիքը՝ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է. «Դա ոչ միայն Սիրիան ու Իրաքն են, դա անդրտարածաշրջանային սպառնալիք է»:
Գեներալը նշել է, որ ահաբեկիչների դեմ զինված պայքարն անհրաժեշտ է զուգորդել դիվանագիտական ջանքերի հետ: