28/02/2017 14:44
Ամեն ինչ կանեմ, որ կարճ ժամանակում հաջողությունների նիշն ապահովեմ. Լևոն Յոլյան
Վերահսկի պալատի նորընտիր նախագահ Լևոն Յոլյանն Ազգային ժողովում շնորհակալություն հայտնեց իրեն այդ պաշտոնում ընտրած պատգամավորներին, իր մասին հնչեցրած բոլոր ելույթ ունեցողներին։
«Միշտ հետևում եմ Ազգային ժողովի աշխատանքներին, և ինձ համար հաճելի անակնկալ էր այն բարյացկամ, ջերմ մթնոլորտը, որը տիրում էր այս դահլիճում՝ իմ հարցի քննարկման ընթացքում։ Դա, միանշանակ, շատ պարտավորեցնող է։ Ես ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ եմ ընդունում այսօր իմ նշանակումը, լավ հասկանում եմ, որ ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան Վերահսկիչ պալատը, որը պրակտիկ, կառուցողական գործունեություն ծավալի, ինչ մեծ դեր կարող է խաղալ երկրի հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման գործում, ունեցվածքի տնօրինման գործում, ընդհանուր առմամբ՝ տնտեսության զարգացման հարցերում», - հայտարարեց ՎՊ նորընտիր նախագահը։
Լևոն Յոլյանը վստահեցրեց՝ ամեն ինչ կանի, որ շատ կարճ ժամանակում կարողանա այդ հաջողությունների նիշն ապահովել։
«Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, ուրախ եմ, որ ձեր կողմից միաձայն եմ ընտրվում», - ասաց Լևոն Յոլյանը։