23/03/2017 22:06
«Ծառուկյան» դաշինքում ընդգրկված շատ քաղաքական գործիչներ իրենց ընդդիմադիր չեն համարում. ՀՀԿ
ՀՀԿ-ն որևէ կուսակցության հետ, բացառությամբ ՀՅԴ-ի, որի հետ այս պահին գտնվում է կոալիցիայում, հետնըտրական զարգացումների հարց չի քննարկել, այդ թվում, նաև «Ծառուկյան» դաշինքի, ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքն արմատական ընդդիմություն է։ Շատ քաղաքացիներ, ինչու չէ, նաև դաշինքում ընդգրկված քաղաքական գործիչներ, որոնք այդքան էլ քիչ չեն, հենց իրենք «Ծառուկյան» դաշինքին ընդդիմադիր չեն համարում», - ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան՝ ՀՀԿ-ն ապագայում կկազմի՞ կոալիցիաներ, թե՞ չէ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ամեն ինչ ցույց կտա ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները։ Ընտրություններից հետո մենք կֆիքսենք որ ուժերն են իրավուքն ձեռք բերել ունենալ խմբակցություններ նոր խորհրդարանում, և կա՞ ուժ, որը կարող է միայնակ կազմել կառավարություն »։
«Կոալիցիաները ինքնանպատակ չեն լինելու։ Դրանց հիմքը լինելու է ընդհանուր ծրագրային տեսլականը։ ՀՀԿ-ն առանց գաղափարական հիմքի որևէ ուժի հետ չի պատրաստվում կոալիցիաներ կազմել», - ասաց Էդուարդ Շարմազանովը։