24/03/2017 16:19
Էսօր Ծառուկյանը գնում ա ոչ թե կոալիցիա կազմելու, այլ գնում ա՝ 50+1 հավաքելու. Ծառուկյանը՝ Արտաշատում
Այսօր Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դարձյալ հիշել է 2015 թվականի փետրվարյան դեպքերը, երբ հրաժարվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնից, հեռացավ ակտիրվ քաղաքականությունից:
«Դուք գիտեք՝ պարոն Ծառուկյանի հետ 2015 թվականին ինչ կատարվեց, ձեր անվերապահ վստահությունը կար, ձեր ցավը տանեմ: Դա հեղափոխություն էր, դա ընտրություն չէր: Պետք է արյուն թափվեր, բայց ես դրա տակ չէի կարա մտնեի: Էդ ժամանակ ոչ մի ընդդիմադիր չկար Ծառուկյանի կողքին կանգնած, Ծառուկյանն էր միայն մնացել, ու Ծառուկյանն ասեց՝ ես էջը ծալում եմ, միայն իմ ժողովրդի մատից արյուն չթափվի», - Արտաշատում մարդկանց հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Նշենք, որ Արտաշատի քաղաքապետը Ծառուկյանի փեսան է, նախկին վարչապետ և նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը:
Նա հայտարարեց, որ իրեն պաշտոն պետք չի, գումար պետք չի, իր հարստությունը վաստակել է «Աստծո կամոք», ժողովրդին «բաժին է հանել» ու դրա համար «Աստված շատ է տվել»:
«Ես պարտք ունեմ ձեզ տալու, սիրելի ժողովուրդ, դա իմ խաչն ա, պետք ա տանեմ: Էսօր ոչ թե Ծառուկյանը գնում ա կոալիցիա կազմելու, այլ գնում ա՝ հաղթելու, 50+1 հավաքելու: Ու ամեն ինչ կախված ա ձեզնից, սիրելի ժողովուրդ», - արտաշատցիներին հայտարարեց Ծառուկյանը:
Այնուհետև ԲՀԿ առաջնորդը ներկայացրեց Արտաշատում «Ծառուկյան» դաշինքի թեկնածուին՝ Արգամ Աբրահամյանին ու գովեց փեսային. «Խոսքի տեր մարդ ա, ուզում ա անի, ուզում ա արդարացի լինի»: