28/03/2017 14:50
Կոչ եմ անում վստահել մեր նախագահին, մեր վարչապետին ու ապագային. Արա Բաբլոյանը բժիշկներին հորդորեց ընտրել ՀՀԿ-ն
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարողացավ ամփոփել անցած տարիների ճանապարհը, ճիշտ գնահատել դրականը և վերլուծել բացթողումները, այսօր հանրապետության լավագույն բժիշկների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արա Բաբլոյանը:
«ՀՀԿ-ն կարողացավ կոտրել կարծրացած մոտեցումները, իրականացնել հսատակ քայլեր` էլ ավելի զարգացնելու ժողովրդավարությունը, համալրել իր շարքերը նոր ու բանիմաց մարդկանցով ու լայն ճակատով գնալ առաջ», - ասաց Արա Բաբլոյանը:
Նա նշեց` ներկաները, հավանաբար, հետևում են նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը:
«Հետևում եք ստորագրված համաձայնագրերին ու պայմանագրերին: Կարելի է ասել, որ Հայաստանը միակն է, որ լինելով ԵԱՏՄ անդամ, ակտիվ զարգացնում է հարաբերությունները Եվրամիության հետ: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում առողջապահության զարգացման ծրագիրին, ապա այն միակն է բոլոր կուսակցությունների շրջանում, որը համալիր բնույթ է կրում», - ասաց Արա Բաբլոյանը` կոչ անելով ներկաներին իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին:
«Ես կոչ եմ անում` վստահենք մեր նախագահին, վստահենք մեր վարչապետին, վստահենք մեր ապագային և ապրիլի 2-ին ձայն տանք Հանրապետական կուսակցությանն ու իր կողմից լիազորված առողջապահության բնագավառի ռեյտինգային թեկնածուներին», - ասաց նա:
Ելույթից հետո ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն ու ներկաները քննարկեցին առողջապահական ոլորտին առնչվող հարցեր: