29/03/2017 15:09
Շոտլանդիայի խորհրդարանը քվեարկել է անկախության հանրաքվեի օգտին
Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորները քվեարկել են տարածաշրջանի անկախության մասին նոր հանրաքվեի անցկացման օգտին: Շոտլանդիայի ազգային կուսակցության և նրա առաջնորդ Նիկոլա Սթերջենի նախաձեռնությանը մարտի 28-ին հավանություն է տվել 69 պատգամավոր, դեմ է քվեարկել 59-ը, փոխանցում է DW.com-ը:
Հանրաքվեի անցկացման օգտին են քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցության և նրան սատարող Կանաչների կուսակցության ներկայացուցիչները: Այսպիսով Նիկոլա Սթերջենը լիազորություններ է ստացել Լոնդոնի հետ բանակցելու համար, քանի որ առանց վերջինիս համաձայնության հնարավոր չէ իրավաբանական ուժ ունեցող հանրաքվե անցկացնել: Ըստ Սթերջենի՝ հանրաքվեն կարող է կայանալ 2018-ի գարնանից մինչև 2019-ի աշունն ընկած ժամանակահատվածում:
Քվեարկությունից հետո Լոնդոնը հայտարարել է, որ չի բանակցելու Շոտլանդիայի հետ երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորության մասին: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության մարտի 28-ի հայտարարության մեջ: