30/03/2017 13:22
Աշխատում ենք սահմանամերձ շրջանների բնակիչներին զինելու ուղղությամբ. Պաշտպանության նախարար
Սահմանամերձ շրջանների բնակիչների զինումը շատ ճիշտ առաջարկ է, որի վրա մենք բավականին ժամանակ աշխատում ենք, «Շանթ» հ/ը «Հեռանկար» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ համապետական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Վարչապետի որոշմամաբ ձևավորվել է սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողով: Իհարկե, հասկանալի է, որ զենքն ունի դրան առնչվող բազմաթիվ վտանգներ, խնդիրներ և անհրաժեշտություն կա կարգավորումների, բայց այդ կարգավորումները կան: Մենք սկսել ենք շատ ինտենսիվ ծրագիր սահմանամերձ համայնքների աշխարհազորայինների հավաքների և մարզման: Ինձ զարմացրել է հատկապես կանանց ակտիվությունը, որոնք պնդում են, որ իրենք էլ, անպայման, մասնակցեն այդ ծրագրերին», - ասել է Վիգեն Սարգսյանը:
Նա նշել է, որ «առնվազն գոնե որսորդական զենք սահմանամերձ համայնքներում, պետք է շատ ավելի հեշտացված համակարգով տրվի»:
«Ինչ վերաբերում է այլ տիպի սպաազինությանը, ապա յուրաքանչյուր համայնքով մենք կազմում ենք հիմա առանձին անձնագիր` թվարկելով բոլոր խնդիրներն ու լուծումներ գտնելով», - ասել է պաշտպանության նախարարը: