31/03/2017 12:53
Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները դեռևս չեն նշանակում, որ արտառոց իրավիճակ է. Գևորգ Կոստանյան
Նախկին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր «Հանրապետական» կուսակցության ամփոփիչ հավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր առողջական վիճակը նորմալ է։
Հարցին, թե ինչու որոշեց զբաղվել օրենսդիր գործունեությամբ, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Օրենսդիր գործունեությամբ ես գիտական մակարդակով եմ զբաղվել։ Դեռևս որևէ բան քննարկման առարկա չի դարձել, հետևաբար խոսել հետագա գործունեության կամ հետագա պաշտոնավարման հետ կապված, դեռևս վաղ է», - ասաց Գևորգ Կոստանյանը։
Խոսելով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների մասին՝ Գ. Կոստանյանն ասաց, որ Հայաստանի դեմ կայացրած վճիռները դեռևս չեն նշանակում, որ արտառոց իրավիճակ է։
«Եթե համադրեք Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրների կայացվող որոշումները և համադրեք դրանք թվային տվյալներով կամ դատարանի կողմից սահմանված գումարի չափով, կհասկանաք, որ մենք Եվրոպայի խորհրդի ամենանվազ գումար վճարած երկրներից ենք։ Համեմատության մեջ նաև մենք ամենապակաս վճիռներն ունենք», - ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազը։
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ երկիրը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի առնվազն նվազագույնի հասցնի մարդու իրավունքների խախտման դեպքերը ներպետական մակարդակում, որպեսզի դա չդառնա միջազգային դատական ատյանի քննարկման առարկա։