24/04/2017 17:37
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է՝ Ղարաբաղի հարցի հետ կապված. Նիկոլ Փաշինյան
Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների, այսoր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ հարաբերությունների կարգավորման ամենամեծ խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցի հետ կապված, որովհետև նա հարցը դիտարկում է փաթեթի մեջ, բայց, համաձայնվեք, երկու անկախ պետությունների հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել 3-րդ երկրի հետ հարաբերություններով», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի քայլերն ու գործողությունները որևէ լավատեսության հիմք չեն տալիս, որ Թուրքիան իր դիրքորոշումը կփոխի։
«Մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք և այնպիսի հույսեր չփայփայենք, որոնք որևէ կոնկրետ փաստով հիմնավորված չեն», - նշեց Ն. Փաշինյանը։