24/04/2017 09:58
Ոգեկոչման երեկո Մոսկվայում` Պետդումայի պատգամավորների մասնակցությամբ (Լուսանկարներ)
«Դիալոգ» կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայում, Գրողների տան մեծ դահլիճում տեղի է ունեցել «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոն, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին: Միջոցառումը իրականացվել է Մոսկվայի հայ երիտասարդության ընկերակցության և «Հայաստանի գաղտնիքները» միջազգային երաժշտական ծրագրի հետ համագործակցությամբ, տըեղեկացնում է կազմակերպությունը:
«Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշել է, որ այն հանդիսանում է ռուսաստանյան հասարակայնության յուրօրինակ զորակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջազգային այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը, ինչպես նաև դրա հետագա կանխարգելմանը:
ՀՀ դեսպանության խոսքն է փոխանցել դեսպանորդ Վարդան Հակոբյանը: Նա կարևորել է հատկապես այն, որ երեկոն կազմակերպվել է ռուսաստանյան քաղաքական ուժերի մասնակցությամբ: Ըստ դիվանագետի, եթե ժամանակին հարկ եղած կերպով դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա չէին կրկնվի հետագա նման ողբերգությունները, ներկայումս Մերձավոր Արևելքում չէր մոլեգնի նոր ցեղասպանությունների վտանգը:
ՌԴ Պետական Դումայի կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ, ԼԴՊՌ խմբակցության ներկայացուցիչ Բորիս Չեռնիշովը կանգ է առել հայ և ռուս ժողովուրդների համատեղ անցած ուղու վրա, նշելով, որ ներկա մարտահրավերները նույնպես հնարավոր է հաղթահարել միասնական ուժերով: Ռուսաստանը պետք է էլ ավելի նպաստի Հայաստանի անվտանգության ապահովմանը, համոզված է ռուս խորհրդարանականը:
Երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղերձ էր հղել ՌԴ Պետական Դումայի «Սպրավեդլիվայա Ռոսսիյա» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, որը հրապարակվել է խմբակցության ղեկավարի տեղակալ Օլեգ Նիլովի կողմից: Դրանով պետական Դումայի խմբակցություններից մեկը հավաստել է, որ հետևողական է լինելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում: