26/04/2017 18:35
«Երկիր Ծիրանին» խնդիր ունի «պրեզենտացիա» անելու, «Ելքն» այդ հարցն արդեն լուծել է. Քաղտեխնոլոգի գնահատականները
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն Aysor.am-ի հետ զրուցում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական քարոզարշավին։
Ըստ նրա, Հանրապետական կուսակցությունը՝ մասնավորապես Տարոն Մարգարյանը, նույն ընտրական արշավն է անելու, ինչ՝ նախորդ անգամ։
«Այսինքն, ավելի շատ կլինեն բակային, համայնքային հանդիպումներ՝ բազմամամարդ տեղերում։ Փորձելու են քարոզարշավը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին համահունչ անել», - ասաց Վիգեն Հակոբյանը։
Համեմատելով խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի քարոզարշավի հետ՝ քաղտեխնոլոգն ասաց, թե նույնիսկ Երևանին նվիրված երգն էր նման այն երգին, ինչ՝ համապետական ընտրություններին էր նվիրված՝ լավատեսական, բարի, ավելի շատ երիտասարդությանը թիրախավորած, որն ավարտվում է հանրապետականների կարգախոսով։
«Ենթադրվում է նաև, որ ողջ քարոզարշավի ընթացքում բակային հանդիպումները գերակշռելու են», - ասաց Վիգեն Հակոբյանը։
Ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժի՝ «Ելք» դաշինքի մասին խոսելիս Վիգեն Հակոբյանն ասաց, որ այս ուժը ներկայացվում և շատերի մոտ ընկալվում է որպես գլխավոր ընդդիմադիր ուժ. փորձելու է ավելի կրեատիվ քաղաքական ուժի կերպարը պահպանել և նույն ոգով շարունակել, ինչ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր։
«Կարծում եմ, որ լինելու են բակային հանդիպումները «Ելք կա» վանկարկումներով՝ այս անգամ արդեն կիրառելով նաև նոր կարգախոսը՝ «Երևան ջան, ելք կա»։ Փորձելու են ավելի շատ աշխատել քաղաքի ընտրազանգվածի վրա։ Սա երիտասարդ ուժ է, որը հիմնականում կազմված է երիտասարդներից, փորձելու են հնարավորինս կրեատիվ հանդես գալ, որպեսզի ամեն օր իրենց մասին խոսելու առիթներ լինեն։ Այն, ինչ իրենք անում են, աննկատ չի անցնում», - նշեց Վ. Հակոբյանը։
Նրա գնահատմամբ՝ մոտավորապես նույն ոճով հանդես է գալիս նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։
«Պարզապես, քանի որ «Երկիր Ծիրանին» նորաստեղծ ուժ է, խնդիր ունի նաև «պրեզենտացիա» անելու իրեն։ «Ելքն» արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ հասցրեց այդ հարցը լուծել և իր բրենդը ճանաչելի դարձնել։ «Երկիր Ծիրանին» այժմ փորձելու է ամեն ինչ անել, որ հնարավորինս շատ տոկոսներ վերցնի», - ասաց Վիգեն Հակոբյանը։
Վերջինիս խոսքով՝ հասկանալի է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը տոկոսները պետք է վերցնի ընդդիմադիր ընտրազանգվածից, իսկ ընդդիմադիր ընտրազանգվածի ինչ-որ մասը ձայն է տալու «Ելք»-ին։
«Դրանով է պայմանավորված, որ այդ երկու քաղաքական ուժերի միջև հակամարտություն կա և շարունակելու է լինել, որովհետև իրենք փաստացի աշխատում են նույն ընտրազանգվածի վրա», - եզրափակեց Վիգեն Հակոբյանը։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին:
Քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի «Ելք» դաշինքը, 2-րդ համարի ներքո` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, 3 -րդ համարի ներքո` ՀՀԿ-ն: