26/04/2017 19:01
Տարոն Մարգարյանը որդիաբար է սիրում իր քաղաքը և քաղաքին ծառայում է որդիաբար. Երևանի փոխքաղաքապետ
Այս տարիներին Երևանում տասնամյակներով չլուծված խնդիրներ են լուծվել, այսօր Աջափնյակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ու հավելեց. «Ո՞վ կարող է չհիշել ցուրտ մանկապարտեզ, ցուրտ դպրոցը, ցուրտ գրադարանը, թանգարանը: Այս խնդիրը ամբողջությամբ լուծված է»:
Նա հայտարարեց, որ ջրամատակարարման հարցն է «ամբողջությամբ լուծված», իսկ տասնամյակներով երազած ճանապարհները արդեն գործում են:
«Տասնամյակներով երազած ճանապարհ էր Իսակով-Լենինգրադյան ճանապարհը, և այսօր մենք ունենք ժամանակակից ճանապարհ: Իրականացվում է Կենտրոնը բեռնաթափող ճանապարհի կառուցման աշխատանքը», - հայտարարեց Արեյանը:
Նրա խոսքով՝ Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում բակային բարեկարգման աշխատանքներ են կատարվում՝ «ապահով, նորմալ, մարդուն վայել միջավայր ստեղծելու համար»:
«Երևանը տրինաժոր չէ մեզ համար, որ սովորենք՝ երբ աշխատել, որ սովորելուց հետո նոր շարունակենք աշխատել: Այս թիմը փորձաոռւ թիմ է իր ղեկավարով՝ Տարոն Մարգարյանով: Մարդ, քաղաքապետ, որ որդիաբար է սիրում իր քաղաքը և քաղաքին ծառայում է որդիաբար, իր տան պես: Յուրաքանչյուր քաղաքացի Տարոն Մարգարյանի համար իր ընտանիքի անդամն է: Ահա մեր թիմի հաջողությունը: Սիրում է երևանցուն որդու համեստությամբ, ոչ թե պաշտոնի բերումով», - հայտարարեց Կամո Արեյանը:
Փոխքաղաքապետը, ակնարկելով Երևանի ավագանու մյուս թեկնածուներին՝ Զարուհի Փոստանջյանին և Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ Տարոն Մարգարյանի թիմը փորձառու է ու մայիսի 14-ի ընտրություններից հետո չի գալու «տրենիրովկա անելու»: