27/04/2017 12:09
«Պարոն Տարոն Մարգարյանն օդովա՞ մի տեղ գնո՞ւմ». Մյասնիկյան պողոտայում մարդիկ մեկ ժամից ավելի մնացել են խցանման մեջ (Լուսանկարներ)
Այսօր վաղ առավոտյան Մյասնիկյան պողոտայով Երևանի կենտրոն հասնող քաղաքացիներին տհաճ անակնկալ էր սպասվում. Մարդիկ մեկ ժամից ավելի մնացել են խցանման մեջ:
Aysor.am-ի թղթակիցը Մյասնիկյան պողոտայում լուսանկարներով արձանագրել է, թե ինչպես են քաղաքացիներն իջնում խցանման մեջ մնացած ավտոբուսներից ու երթուղայիններից և վազքով կամ շտապ քայլերով իջնում մայրաքաղաքի կենտրոն: Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, և մի խումբ մարդիկ նրան փորձում էին ջուր տալ, հանգստացնել:
Պողոտայում ստեղծված այս վիճակը բուռն դժգոհություն էր առաջացրել նաև սոցիալական ցանցերում:
Օգտատերերից Արփի Բեգլարյանը, մասնավորապես, գրել է. «Պարոն Տարոն Մարգարյանը օդովա՞ մի տեղ գնո՞ւմ: Ո՞նց կարելի է ստեղծել նման քաոս: Կանչում ես հյուր, ասում ես ավելի լավ չի փակեիք փողոցը, զարմանում են, ասում են հո քաղաքը չենք պառալիզացնելու: Իսկ հիմա ի՞նչ եք արել: Նույնն ուղղակի քաոսն էլ հետը: Մի քիչ փորձ ձեռք բերեք էլի, բացի քյաբաբ խորոված ուտելուց գոնե ՖԲ-ում նայեք, տեսեք՝ աշխարհն ի՞նչ է անում, թե՞ դա էլ է հայու գենը խախտում ու հեչ հայեցի չի՞: Ո՞նց կարելի է թույլ տալ հիմնական փողոցներից մեկում նման իրավիճակ այն էլ մի հատված ասֆալտապատելու պատճառով»:
Մեկ այլ օգտատեր Նարինե Իրիցյանը գրում է. «Արդեն զզվելի են Մյասնիկյան պողոտայի խցանումները.... մեր քաղաքապետարանը ոնց որ ազգի թշնամի լինի, տո... սպանիք ձեր քաղաքապետի ընտրությունով` ձեր պուպուշ երևալու ու ընտրողի ձայնը մուրալու համար հեչ պարտադիր չէր նորմալ ասֆալտը քանդել ու նոր կարկատան գցել... էս անտեր պողոտան տեղից ամեն Աստծու օր խցանում է, հիմա վոոբշե արգելափակված է..... մարդիկ արդեն դուրս են եկել տրանսպորտից, ոտքով են կենտրոն իջնում, մի աղջկա ուշքն էլ գնացել էր, երթուղայինից դուրս էին հանել մայթին, ուշքի էին բերում... էլ չեմ ասում երթուղայիններում կռացած, մի կերպ խցկված, աշխատանքի շտապող մարդկանց մասին... ատելությունն էլ ոնց է ձեւավորվում....!!!!!!!!! Ժամը 9-ից, այսինքն` արդեն 50 րոպե, խցանման մեջ եմ ու դեռ վերջը չի երևում: Ի դեպ, Տարոն Մարգարյանն էլ է էտ մայրուղով գործի գնում... բա հետո, լա՞վ եք, պարոն Մարգարյան, թե այլ ճանապարհ եք գտել»: