27/04/2017 14:03
ՌԴ ԱԳՆ. Թուրքիայի հարվածները քրդերին Իրաքում և Սիրիայում անընդունելի են
ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայի հարվածները քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքում: Այդ մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ քրդերն ահաբեկչական խմբավորումներին, առաջին հերթին ԻՊ-ին (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ցամաքում իրապես դիմակայող ուժ են:
«Այն պայմաններում, երբ ահաբեկչության դեմ պատերազմը Սիրիայում և Իրաքում դեռ հեռու է ավարտից, այդպիսի գործողությունները միանշանակ չեն նպաստում հակաահաբեկչական ուժերի համախմբմանը և սրում են առանց այդ էլ լարված իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է նաև այն հանգամանքով, որ թուրքական ուժերը հարված են հասցրել ինքնիշխան պետությունների տարածքում առանց տեղի իշխանությունների հետ համաձայնեցման: Այդպիսի գործողություններն, ըստ գերատեսչության, անընդունելի են և հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին:
Ավելի վաղ Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ քննադատել էր նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը:
Երեքշաբթի Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքի հյուսիսում: Զոհվել է 70 մարդ: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե զգուշացրել էր հարվածների մասին Հյուսիսային Քրդստանի իշխանություններին, ինչպես նաև ՌԴ-ին և ԱՄՆ-ին: