28/04/2017 14:07
Առաջին դեպքն է, որ Սահմանադրական դատարանը քննության առավ իրավազուրկ դիմում. Մուկուչյանը` ՍԴ որոշման մասին
Կարծում եմ՝ յուրաքանչյուր անձ, ով այս օրերին հետևում էր գործի ընթացքին, Սահմանադրական դատարանի որոշումից անակնկալի չէր գա, այսօր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Գործի քննությունն ամբողջությամբ ցույց տվեց դիմողի բերած դիմումի թե՛ իրավական հիմնավորվածության բացակայությունը, թե՛ փաստական հիմքի սնանկությունը: Ես արդեն առիթ ունեցել եմ նշելու` Հայաստանի Հանրապետության պատմության մեջ սա երևի առաջին դեպքն էր, երբ Սահմանադրական դատարանում քննության առարկա էր դարձվել հայց, որն, ըստ էության, զուրկ էր և՛ իրավական հիմքից, և՛ ապացուցողական բազայից», - ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նա ընդգծեց, որ ՍԴ որոշման մեջ արտացոլվեց նաև այն հսկայածավալ աշխատանքը, որն իրականացվել էր այս ընտրություների ժամանակ:
«Էլի եմ կրկնում՝ սա առաջին դեպքն էր, երբ որ այս որակով դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան», - ամփոփեց ԿԸՀ նախագահը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ԿԸՀ-ի՝ ապրիլի 9-ի որոշումը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
ՍԴ-ն, այդպիսով, մերժեց ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: