22/05/2017 16:45
Մեյ. Բրյուսելը մտադիր է Լոնդոնի հետ Brexit-ի շուրջ բանակցությունները սկսել հունիսի 20-ին
Բրյուսելը ցանկանում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ պաշտոնական բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումից 11 օր հետո, որոնք նշանակված են հունիսի 8-ին, հայտնել է The Telegraph թերթը, որը քաղվածքներ է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախընտրական քարոզչական ճառից, որով նա Ուելսում դիմելու է ընտրողներին, փոխանցում է ТАСС-ը:
«Ընդամենը 17 օր է մնում մինչև կարևորագույն համընդհանուր ընտրությունները: Դրանց անցկացումից ընդամենը 11 օր անց (հունիսի 20-ին) Եվրամիությունը ցանկանում է, որ սկսվեն Brexit-ի շուրջ բանակցությունները: Բանակցությունների սեղանի շուրջ Մեծ Բրիտանիայի տեղը կզբաղեցնեմ ես կամ Ջերեմի Քորբինը (Լեյբորիստական կուսակցության առաջնորդը)», - ասված է բրիտանացի վարչապետի խոսքում:
Մեյի խոսքով՝ հունիսին «նոր կառավարությունն իր ճանապարհը գտնելու ժամանակ չի ունենա»:
«Ուստի այդ ընտրություններում խաղադրույքները բարձր են», - հավելել է վարչապետը: