23/05/2017 12:35
Ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստան իրականացվում է առանց ուշացումների
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ռուսաստանից Հայաստան սպառազինության ներկրման վարկային համաձայնագրի մանրամասները:
Ըստ նրա՝ Հայաստան-Ռուսաստան 200 մլն միջպետական վարկի շրջանակներում սպառազինության մատակարարումը իրականացվում է առանց ուշացումների, նույնիսկ որոշ զինատեսակների մատակարարումը կատարվում է ժամանակից շուտ:
Լ. Այվազյանն ընդգծեց՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը տեղի է ունենում ինչպես միջպետական վարկի, այնպես էլ՝ երկկողմ համագործակցության շրջանակներում։
«Դա երկու պետությունների Պաշտպանության նախարարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն է, որը նույնպես ենթադրում է սպառազինության տեսակների ներկրումներ, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համագործակցություն և այլն։ Մենք ՌԴ-ի հետ ունենք հատուկ համաձայնագրեր, որոնք մեզ թույլ են տալիս ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն իրականացնել հատուկ պայմաններով։ ՌԴ-ից կարողանում ենք դրանք ձեռք բերել ներքին գներով։ Այսինքն նույն գները, որոնք գործում են ռուսական բանակի համար, գործում են նաև հայկական բանակի համար», - ասաց Լևոն Այվազյանը։