25/05/2017 12:07
Վարչապետը կրկին դժգոհեց պետգույքի կառավարման վարչության աշխատանքից
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կարևորագույն խնդիրներից մեկը պետական գույքի արդյունավետ կառավարումն է:
Նրա խոսքով, օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի կազմակերպման, կոմիտեի կողմից իրենց վերապահված գործառույթներն արդյունավետ կազմակերպելու գործիքակազմում թերություններ կան:
«Արձանագրվել է, որ պետական գույքի օտարման գործընթացում չի օգտագործվում ոլորտում մասնագիտացված բրոկերային կազմակերպությունների փորձն ու ներուժը», - նշեց վարչապետը։
Նա ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արման Սահակյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում, քննարկելով շահագրգիռ պետական մարմինների հետ, կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, վերլուծություն և դրա հիման վրա կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշմամբ կառավարիչների աշխատանքի գնահատման, խրախուսման և պատասխանատվության ենթարկման հարցերը կարգավորող նոր իրավական ակտի վերաբերյալ նախագիծ:
«Հարկ է օգտագործել պետական գույքի ոլորտում մասնագիտացված բրոկերային կազմակերպությունների ներուժը, նաև կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկություն ներկայացնել, ինչպես նաև պետական գույքի վաճառքի գծով պատասխանատու ստորաբաժանում նախատեսել», - ընդգծեց Կ. Կարապետյանը։
Նա ֆինանսների նախարարի պաշտոնակատարին հանձնարարեց պետական գույքի օտարումն էլեկտրոնային աճուրդով իրականացնելու և պետգույքի հաշվառման համապատասխան համակարգերն արդիականացնելու համար համապատասխան միջոցների հագեցման ծրագիր ներկայացնել: