26/05/2017 16:15
Միջազգային դիտորդների թիվը համալրվելու է ևս 7 հոգով. Իգոր Պոպով
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ադրբեջանական «АПА»-լրատվական գործակալության տված հարցազրույցում նշել է, որ հակամարտող կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել միջազգային դիտորդների թիվն ավելացնել 7 անդամով:
«Երկու կողմն էլ համաձայնել է: Չնայած պահպանվում են տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, մասնավորապես՝ դիտորդների տեղակայման, իրենց գործունեության ֆինանսավորման և այլ տեխնիկական հարցերի շուրջ: Դրանց համաձայնեցմամբ այս պահին զբաղվում է գործող ԵԱՀԿ ավստրիական համանախագահությունը», - ասել է նա:
Անդրադառնալով ապրիլի 28-ին Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը՝ նա նշել է, որ հակամարտող կողմերի միջև յուրաքանչյուր հանդիպում, որտեղ դիտարկվում են էական հարցեր, օգտակար է:
«Առաջընթաց տեղի չունեցավ, բայց ոչ ոք էլ դա չէր ակնկալում: Կարևորն այն է, որ կողմերը, երկարաժամկետ ընդմիջումից հետո, կարողացան հանդիպել և հնարավորություն ունեցան խնդրահարույց հարցերի շուրջ փոխանակվել մտքերով և հստակեցնել միմյանց դիրքորոշումը», - ընդգծել է համանախագահը:
Նրա խոսքով՝ ինքը շուտով պատրաստվում է մյուս համանախագահների հետ այցելել տարածաշրջան՝ հասկանալու համար ՀՀ և Ադրբեջանի ղեկավարությունների դիրքորոշումները:
Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ին արված հայտարարությանը, նա ասել է, որ այն կապված է եղել այս տարվա մայիսի 15-17-ը շփման գծում իրավիճակի սրումով:
«Մենք լուրջ մտահոգված էինք հրադադարի ռեժիմը խախտելու մասով: Այդ հայտարատության հիմնական խնդիրը եղել է կողմերին կոչ անել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հակամարտության գոտում էսկալաիցիայի սրացման կանխման համար և ստեղծել պայմաններ՝ բանակցային գործընթացի առաջընթացի համար», - հավելել է նա: