28/05/2017 11:07
Ողջունում ու դաժե աջակցում ենք. Մանվել Գրիգորյանը՝ ազգ-բանակ հայեցակարգի մասին
Ոչ միայն կարողանում ենք մեր ձեռք բերված հաղթանակներին տեր կանգնել, դաժե երիտասարդները դա վայելում են արդեն, այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, գեներալ, Երկրապահ կամավորների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի սոցիալական խնդիրներին, Գրիգորյանն ասաց, որ առանց խնդիրների առաջընթաց չի լինում։
«Խնդիրները պետք է լինեն, որ լուծվեն։ Կկարողանա՞նք առաջ գնալ։ Այսօր որ ձեզ (լրագրողներին՝ հեղ.), նայում եմ, հիանում եմ։ Սե՞նց առաջընթաց», - նկատեց գեներալը։
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, գրանցվող զոհերին՝ գեներալն ասաց. «Դե բա սահման ենք պահում, բա թշնամու հետ պատերազմում ենք։ Հազար տարուց ավելի մեր մուսուլման հարևանների հետ պատերազմի մեջ ենք, դաժե երբ Սովետմիություն ա եղել, հազար անգամ ավելի հայ մարդ ա կյանքը նվիրել, քանց հիմա, երբ անկախ պետություն ենք»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ դիրքորոշում ունի Գրիգորյանը ազգ-բանակ հայեցակարգի մասին։ Ի պատասխան՝ ԵԿՄ առաջնորդը նկատեց, որ իրենք ողջունում են առաջ քաշված ծրագրերը։
«Դաժե աջակցում ենք։ Չեմ իմանում՝ ով ոնց ա մեկնաբանում, բայց էս ֆորման հարգելու համար ա», - հավելեց գեներալը ու ցույց տվեց կողքին կանգնած ազատամարտիկին։