22/06/2017 11:37
Այսօր հավեսով կխոսեմ. Կարեն Կարապետյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման վերաբերյալ իր եզրափակիչ ելույթը սկսելուց առաջ խոստացավ խոսել հավեսով:
«Կփորձեմ այսօր հավեսով խոսել, չնայած երեկ էլ էի հավեսով խոսում», - կատակեց Կարեն Կարապետյանը:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ելույթների համար՝ նշելով, կային ինչպես առարկայական, այնպես էլ էմոցիոնալ ելույթներ:
««Ելք» դաշինիքի մեր գործընկերների հիմնական քննադատությունը հետևյալն էր, որ մենք չենք հասկանում 2018թ. վարչապետն ո՞վ է ու այդ պատճառով իմաստ չենք տեսնում կառավարության ծրագիրը քննարկել: «Ծառուկյան» դաշինքը նշում էր, որ «մենք 430 հազար ձայն ունենք»` ինչո՞ւ մեր ծրագիրը չեք ընդունում: Փաստարկն այն է, որ մենք ավելի շատ ձայն ունենք: Կային նաև էմոցիոնալ ելույթներ, որոնք, իմ կարծիքով, ոչ կոռեկտ էին, անձնական և ոչ հեռանկարային. ուղղակի խորհուրդ, հորդոր` ճիշտ չի դա», - ասաց Կարեն Կարապետյանը:
Նա նշեց` կառավարությունը պատրաստ է համագործակցության:
«Այս ծրագրի կազմման ընթացքում մենք ունեցել ենք ներքին բանավեճեր, քննարկել ենք մասնագետների` ոչ միայն հայ մասնագետների հետ: Սա պրոֆեսիոնալ ծրագիր է, որը մեր հայկական պետությունը փոխելու է դեպի լավը և չափազանց հետաքրքրված ենք, որ միասին աշխատենք: Մենք հստակ պատկերացնում ենք` ինչ պիտի անենք: Բոլորին շնորհակալություն ու լավ տրամադրություն», - ամփոփեց վարչապետը` արժանանալով խորհրդարանի ծափահարություններին:
Նշենք, որ քիչ անց տեղի կունենա կառավարության ծրագրի վերաբերյալ քվեարկությունը: