22/06/2017 14:37
Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումը
Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումն ու աղոթքը, հայտնում է գերատեսչության կայքը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Մենք դատապարտում ենք Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավարի ներկայութամբ երկրի պետական հեռուստաալիքով հեռարձակված Ղուրանի ընթերցումն ու աղոթքը։ Սուրբ Սոֆիայի տաճարը հուշարձան է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Ղուրանի ընթերցմամբ, աղոթքի և իսլամի շրջանակում այլ գործողությունների միջոցով այն մզկիթի վերածելու փորձը վիրավորում է միջազգային հանրությանը, որը պետք է դրան արձագանքի։
Դա համայն աշխարհի քրիստոնյաների կրոնական զգացմունքներին և մարդկության ժառանգությունը հարգողներին մարտահրավեր է։ Մենք կոչ ենք անում Թուրքիային ժամանակակից ու ժողովրդավարական երկրի վարքագիծ դրսևորել և պաշտպանել Սուրբ Սոֆիայի էկումենական բնույթը՝ հարգելով այդ հուշարձանը», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահմեդականների մեծ խումբ Սուրբ Սոֆիայի դարպասների մոտ աղոթել է (նամազ)՝ պահանջելով այն մզկիթի վերածել։