23/06/2017 13:29
Հեռացրեք ամբաստանյալին դատարանի դահլիճից. Դատավորը՝ Շիրխանյանի մասին
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով դատական նիստը մեկնարկեց միջադեպով: Դատավոր Արմեն Բեկթաշյանը զայրացավ, երբ իր՝ դահլիճ մտնելուց ամբաստանյալներից Վահան Շիրխանյանը ոտքի չկանգնեց:
Շիրխանյանը, նկատենք, դատարան էր եկել սայլակով և ասաց, որ չի կարող կանգնել: Դա զայրացրեց դատավոր Բեկթաշյանին:
«Դատարանը որոշում է ամբաստանյալ Շիրխանյանին հեռացնել դատական նիստերի դահլիճից 3 ժամ տևղությամբ: Դատական նիստը հետաձգվում է», - վրդովված հայտարարեց Բեկթաշյանը և հեռացավ նիստերի դահլիճից:
Նշենք, որ դատական նիստը երկար ժամանակ ընդմիջվել էր, քանի որ Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական համալիր փորձաքննություն էր նշանակվել: Փորձաքննությունից հետո որոշվեց նրան դատարան տեղափոխել սայլակով:
Տեղեկանք քրեական գործի մասին
Զինված խմբի առաջնորդը, ըստ մեղադրական եզրակացության, եղել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանը, որին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր:
Նրա նպատակը, ըստ մեղադրանքից, եղել է Հայաստանում յուրացնել իշխանությունը, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Մեղադրյալներ են՝ հոգևորական Անտոն Դիկրան Թոթոնջյանը, քաղաքական գործիչներ Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը և Նելլի Մինասյանը: