09/06/2017 17:56
Ցուցում կա դատավարությունը չսկսելու, Շիրխանյանին դատարան չբերելու. Ալումյան
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկար ընդմիջումից հետո շարունակվեց Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Վեց ամիս առաջ մեկնարկած դատական նիստին այսօր առաջին անգամ ներկայացել էր ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ սայլակի վրա:
Նախկին նիստերում, հիշեցնենք, Վահան Շիրխանյանին սայլակ չէին տրամադրում, որպեսզի վերջինը ներկայանար դատական նիստին:
Դատական նիստը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր էլ հետաձգվեց, քանի որ նիստին ներկա չէին ամբաստանյալ Նելլի Մինասյանը և չորս փաստաբաններ: Նիստում պետք է ներկայացվեին Վահան Շիրխանյայի առողջական վիճակի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները:
Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ ըստ փորձաքննության արդյունքների, Վահան Շիրխանյանի առողջական վիճակը թույլ է տալիս ներկա գտնվել դատական նիստին:
«Մենք չենք վիճարկում դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Հակառակը, ի սկզբանե մենք ասել ենք, որ նա ի վիճակի է ներկա գտնվել դատական նիստին, ընկալել դատավարության ընթացքը: Պարզապես մենք ասում էինք՝ տրամադրեք հնարավորություն, որ ինքը գա դատարան: Այսօր, վեց ամիս հետո, ի վերջո, այդ հնարավորությունը տրվեց և սայլակ տրամադրվեց», - ասաց Ալումյանը:
Փաստաբանը կարծում է, որ զինված խմբի գործով այս դատավարությունը միտում ունեն ձգձգելու:
«Ցուցում կա դատավարությունը չսկսելու, Շիրխանյանին դատարան չբերելու: Ես ոնց հասկանում եմ, կա ցուցում ձգելու այս դատավարությունը: Ու այս դատավարությունը ձգձգվելու է տարբեր պատճառներով», - հավելեց Ալումյանը:
Զինված խմբի առաջնորդը եղել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանը, որին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր:
Նրա նպատակը, ըստ մեղադրանքից, եղել է Հայաստանում յուրացնել իշխանությունը, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Մեղադրյալներ են՝ հոգևորական Անտոն Դիկրան Թոթոնջյանը, քաղաքական գործիչներ Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը և Նելլի Մինասյանը: