24/06/2017 09:41
Նախկինում Հայաստանի դեպքում ԵՄ-ի հետ վիզայի ազատականցման երկխոսությունը սկսելու հարցը դեռ չէր հասունացել. «168 ժամ»
«Կարծում եմ, որ պարտավորությունների ցանկը կհստակեցվի, երբ պաշտոնապես կսկսվի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը, որն անհրաժեշտ փուլ է մինչև վիզաների ազատականացման անցումը: Մինչ այս ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրամիությունը դրան պատրաստ չէին: Եվ ընդհանրապես, կարծում եմ Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ-ն քայլ առ քայլ էր գնում այդ ուղղությամբ: Ինչպես գիտեք, սկզբում Մոլդովայի հետ այդ հարցը լուծվեց, հետո՝ Վրաստանի, ապա Ուկրաինայի: Այնպես որ նախկինում Հայաստանի դեպքում այս երկխոսությունը սկսելու հարցը դեռ չէր հասունացել», - «168 ժամ»-ի թղթակցին ասել Եվրոպական միության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցի մասին:
Թերթը հիշեցրել է, որ անցած շաբաթ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցը ոչ օրերի, ոչ էլ ամիսների հարց է, սակայն չի հանվել օրակարգից, և պետք է զինվել համբերությամբ:
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այս գործընթացում կարևոր համարվող պարտավորություններն առաջին հերթին վերաբերում են ընտանեկան բռնությունների կանխարգելման և հակախտրականության օրենսդրական կարգավորումներին, նաև հնարավոր է, որ կարևոր լինեն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության հետ կապված որոշ օրենսդրական փոփոխություններ: