27/06/2017 16:09
Հետազոտություն. Թրամփի օրոք ԱՄՆ-ի վարկանիշն անկում է ապրում
Աշխարհի պետությունների կարծիքը ԱՄՆ-ի վերաբերյալ փոխվել է դեպի վատն այն պահից, երբ երկրի նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը: Նման եզրակացության են հանգել Pew Research Center հետազոտական կենտրոնի մասնագետները՝ աշխարհի 37 երկրում անցկացրած հետազոտության արդյունքներն ուսումնասիրելուց հետո:
Միացյալ Նահանգների վարկանիշը նվազել է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, Ասիայում և մի շարք այլ պետություններում: Հետաքրքրական է, որ այդ երկրների ցանկում բացառություն են միայն Ռուսաստանն ու Իսրայելը:
Մասնագետների տվյալների համաձայն՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարման վերջին տարիներին տարբեր երկրներում անցկացրած հետազոտությունների մասնակիցների միջինը 64 տոկոսն ասում էր, որ դրական կարծիք ունի ԱՄՆ-ի մասին, մինչդեռ Թրամփի կառավարման հինգ ամիսներին այդ ցուցանիշը հասել է 49 տոկոսի:
Միևնույն ժամանակ վստահությունն այն հարցում, որ ԱՄՆ նախագահը վարում է ճիշտ քաղաքականություն, Օբամայի օրոք եղել է 64 տոկոս, իսկ Թրամփի՝ 22 տոկոս: