27/06/2017 16:35
Հայաստանի համար առաջնահերթ մտահոգության պատճառ են Մերձավոր Արևելքում գտնվող հոծ հայկական համայնքները. Սերժ Սարգսյան
Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԱԱԽ 2017 թ. գործունեության ծրագրից բխող հարցեր, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Օրակարգի հարցերից մեկը վերաբերել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և հայկական համայնքների վրա դրանց ազդեցությանը: Հարցի վերաբերյալ նիստի մասնակիցներին տեղեկատվություն է ներկայացրել արտաքին գործերի նախարարը:
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և հայկական համայնքների վրա դրանց ազդեցության մասին արտգործնախարարի տեղեկատվությունը լսելուց հետո նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար, անշուշտ, առաջնահերթ մտահոգության պատճառ են հանդիսանում այնտեղ գտնվող հոծ հայկական համայնքները, նրանց մշակութային ու կրթական կենտրոնները, հայ ժողովրդի համար նվիրական նշանակություն ունեցող իր կրոնական ու պատմական ժառանգությունը:
Նախարարի զեկույցից հետո Հանրապետության նախագահը հանձնարարել է շարունակել միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցների կենսագործունեության և նրանց անվտանգության ապահովման, սիրիահայ փախստականների կարիքները հոգալու, հայկական կրոնական, պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։ Հանձնարարվել է նաև շարունակել աշխատանքները գործընկեր երկրների և միջազգային կառույցների հետ սիրիահայերին տրամադրվող օժանդակության շարունակականությունն ապահովելու համար և պատրաստ լինել արձագանքելու հնարավոր ոչ բարենպաստ զարգացումներին՝ զուգահեռաբար ամրապնդելով և խորացնելով Հայաստանի ավանդական հարաբերությունների մակարդակը արաբական երկրների հետ: