27/06/2017 12:05
«Բառեր չկա ասելու, ուղղակի ապօրինություն է». Ժիրայր Սեֆիլյանի գործով դատին փորձեցին խուզարկել փաստաբանների դրամապանակները
Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ապօրինություն է համարում նախ իրեն թույլ չտալը մտնել դատարան ու իր պաշտպանյալին հեռացնելը դատական նիստերի դահլիճից։
«Բառեր չկա ասելու, ուղղակի ապօրինություն է, հատուկ նպատակադրված ես ու իմ գործընկերները պայուսակ չէինք վերցրել ու, քանի որ ոչինչ չունեին զննելու, արդեն մեր դրամապանակներ էին ցանկանում զննել», - ասաց Արայիկ Պապիկյանը։
Նրա խոսքով՝ սրանից ավելի ստորացուցիչ բան փաստաբանին չէին կարող առաջարկել։
Արայիկ Պապիկյանը նշեց՝ թեև ներում չի եղել, բայց ենթադրում է, որ իր պաշտպանյալը ուղղակի ցանկացել է իմանալ՝ արդյոք իր պաշտպանները ներկա են, թե չէ. «Բայց նրան բռնի ուժ կիրառելով հեռացրել են դահլիճից», - ասաց Ներսես Պողոսյանի պաշտպանը։
Արայիկ Պապիկյանն ընդգծեց՝ ամեն ինչ արվում է տապալելու դատական պրոցեսը։
«Եթե նման իրավիճակը պիտի շարունակվի, ապա և՛ այս գործով, և՛ մյուս գործով տղաների այն հայտարարությունները, որ այս համակարգի դատարանը ապօրինի է, օրենքից դուրս է և չի կարող իրենց նկատմամբ որևէ դատական ակտ կայացնել, դատարանն իր գործողություններով դա հաստատում է», - ընդգծեց Ա. Պապիկյանը։
Փաստաբանը կարծում է, որ նման պայմաններում աշխատող դատարանից հուսալ, որ արդարադատություն կիրականացնի, միամտություն է։
Նշենք, որ դատարանում դեռ չսկսած՝ ընդմիջվեց Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դահլիճից հեռացրեց ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին` ոտքի չկանգնելու պատճառով:
Բացի այդ, փաստաբաններ Տիգրան Եգորյանին, Արայիկ Պապիկյանին ու Տիգրան Հայրապետյանին ևս թույլ չտվեցին մուտք գործել դահլիճ, քանի որ վերջիններս հրաժարվեցին, որ իրենց պայուսակների պարունակությունը ստուգվի:
Ընդ որում, Տիգրան Եգորյանը բացեց պայուսակը, սակայն իրավապահները պնդում էին, որ բացվածքը փոքր է և դա բավարար չէ ստուգման համար: